Ապաշխարության կոչով է սկսվում Քրիստոսի առաքելությունը և ապաշխարության կոչը ավետարաններում Նրա առաջին կոչն ու առաջին քարոզչությունն է. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մատթ., 4։17):
Մեր հոգևոր կյանքում մենք հաճախ ենք լսում այս կոչերը: Քանի որ ապաշխարությամբ է սկսվում մեր սրտի մաքրության և հոգևոր կյանքի ճամփորդությունը դեպի ներս և դեպի արքայություն՝ «Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է» (Ղուկ., 17։22), ինչպես նաև՝ աստվածատեսություն, որ տեղի է ունենում մեր սրտի հարթակում: Այն ողջ կայնքի տևողություն ունի, և առանց որի մենք անկարող ենք ընթանալու Ավետարանի կանչող փրկության նեղ և անձուկ ճանապարհով:
Ապաշխարության վերաբերյալ Տիրոջ մյուս խոսքն է. «Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին» (Մատթ., 9։13)։ Հասկանալի է որ Քրիստոս նրանց համար է եկել և գալիս է, ովքեր իրենց մեղքերի համար զղջալու ունակություն և դրանց չդառնալու վճռականություն ունեն:
Իսկ «արդարի» բարդույթով տառապում են նրանք, ովքեր կարիքն ու անհրաժեշտությունը չունեն ապաշխարության և զղջումի։ Ըստ ամենայնի դրանք ինքնահմայվածներն ու հպարտության մեղքի բարդույթով բռնվածներն են: Եվ այդ վիճակն ատելի է ու նողկանք է պատճառում Աստծուն։ Ցավալիորեն հոգեպես անբուժելի ու անամոքելի է դառնում «արդարի» այդպիսի կերտվածքը: Ինչո՞ւ․ քանի որ իսպառ բացակայում է սեփական անձի մեղավորության գիտակցությունը: Գիտակցություն ասելով նկատի չունենք սեփական անձի մասին մեղավորության դեկլարացաիաներն ու զուտ կոկիկ խոսքերն ու ապաշխարության մասին ամորֆ գիտելիքները, այլ՝ Եկեղեցու կենդանի վարդապետությունն ու ապաշխարության պրակտիկան, և ո՛չ այնպէս ինչպես մենք ենք հասկանում կամ մեզ է ձեռնտու:
Ըստ Եկեղեցու ուսուցման, ապաշխարության պրակտիկան անտեսելն ու անկարևոր համարելն արդեն իսկ Եկեղեցու հանդեպ անհնազանդության և հետևաբար՝ հպարտության դրսևորում է:
(շարունակելի)
Հայր Շնորհք աբեղա ՊԱԼՈՅԱՆ